2 Samuel 23
1 Եւ սորանք են Դաւիթի վերջին խօսքերը. Յեսսէի որդի Դաւիթի խօսքը, Եւ այն մարդի խօսքը, որ վեր բարձրացաւ. Յակոբի Աստուծոյ օծեալը, Իսրայէլի վայելուչ երգերը շարադրողն էր.
2 Տիրոջ Հոգին խօսեց ինձանով, Եւ նորա խօսքն իմ լեզուի վերայ էր։
3 Իսրայէլի Աստուածն ասեց. Իսրայէլի Վէմը խօեց ինձ հետ. Թէ մարդկանց վերայ իշխողը թող արդար լինի, Աստուծոյ երկիւղովն իշխէ։
4 Նա նման է առաւօտեան լոյսին, Երբոր արեգակը ծագում է, Մի առաւօտ՝ որ ամպեր չկան՝ Ճառագայթիցն՝ անձրեւից յետոյ Գետնից դալար է բուսնում։
5 Ապա իմ տունը այսպէս չէ՞ Աստուծոյ մօտ. Որովհետեւ յաւիտենական ուխտ է արել ինձ հետ. Հաստատուած ամեն բանի մէջ եւ պահուած։ Ապա իմ բոլոր փրկութիւնն ու բոլոր բաղձանքը նա չի՞ ծաղկեցնիլ։
6 Իսկ բոլոր անօրէնները դուրս գցուած փուշի պէս են. Որը ձեռքով չեն բռնիլ։
7 Եւ նորանց դիպչող մարդը Թող զինուորուի երկաթով եւ նիզակի փայտով։ Եւ վառած կրակով պիտի վառուին նոյն տեղը։
8 Սորանք են Դաւիթի զօրաւորների անունները, Յօսէբ-բասեբեթ Թահքեմոնացին՝ զօրաւորների գլխաւորը. Նա է Ասօնացի Ադինօն, որ ութ հարիւր մարդ մէկ անգամ մեռցրեց։
9 Նորանից յետոյ Աքուքացիի որդի Դովդայի որդի Եղիազարը, որ Դաւիթի հետ եղող երեք զօրավարներիցն էր, երբոր նախատեցին այնտեղ պատերազմի համար ժողովուած Փղշտացիներին, եւ Իսրայէլի մարդիկը փախան։
10 Նա վեր կացաւ եւ զարկեց Փղշտացիներին մինչեւ որ ձեռքը յոգնեց եւ ձեռքն իր սուրին փակաւ, եւ Տէրն այն օրը մեծ փրկութիւն արաւ, եւ ժողովուրդը նորանից դարձաւ, որ միայն կողոպուտն անէ։
11 Եւ նորանից յետոյ Արարացի Ագէի որդի Սամման էր. Երբոր Փղշտացիները մի խումբ կազմեցին, եւ այնտեղ մի կտոր ագարակ կար ոսպով լիքը, եւ ժողովուրդը Փղշտացիների երեսիցը փախաւ,
12 Այն ժամանակ նա դէմ կացաւ ագարակի մէջ ու նորան պաշտպանեց եւ զարկեց Փղշտացիներին, եւ Տէրը մեծ փրկութիւն արաւ։
13 Եւ այն երեսուն զօրավարներից երեքը գնացին հունձի ժամանակին Դաւիթի մօտ Ոդողոմի քարայրը, եւ Փղշտացիների մէկ գունդը բանակուել էր Ռափայնոց հովիտումը։
14 Եւ այն ժամանակ Դաւիթը բերդումն էր. Եւ Փղշտացիների մի զօրախումբը այն ժամանակ բեթլեհէմումն էր։
15 Եւ Դաւիթը փափաքեց եւ ասեց. Ո՞վ կբերէ ինձ համար խմելու ջուր Բեթլեհէմի ջրհորիցը, որ դռան մօտ է։
16 Եւ այս երեք զօրաւորները Փղշտացիների բանակը ճեղքեցին, եւ ջուր քաշեցին Բեթլեհէմի ջրհորիցը, որ դռան մօտ է, եւ բերին տուին Դաւիթին. Իսկ նա չուզեց խմել այն, եւ թափեց Տիրոջ համար.
17 Եւ ասեց. Քաւ լիցի ինձ, ով Տէր, որ ես անեմ այս բանը. Ես իրանց կեանքը վտանգի մէջ դնող մարդկանց արի՞ւնը խմեմ. Եւ չկամեցաւ խմել այն. Այս բանն արին այն երեք զօրաւորները։
18 Եւ Շարուհեան Յովաբի եղբայր Աբեսսան այն երեքի գլխաւորն էր. Եւ նա բարձրացրեց իր նիզակը երեք հարիւր սպանուածների վերայ. Եւ նա անուանի էր այն երեքի մէջ։
19 Թէեւ այն երեքից աւելի պատուաւոր էր եւ նորանց գլխաւորն էր, բայց այն առաջին երեքին նա չէր հասնիլ։
20 Եւ Յովիադայի որդի Բանեան՝ մի ժիր եւ գործունեայ մարդի որդի՝ Կաբեսէլացի՝ զարկեց Մովաբի երկու զօրաւոր մարդկանց. Եւ նա իջաւ ու զարկեց առիւծին գուբի մէջ ձիւնի ժամանակ։
21 Եւ նա զարկեց մի Եգիպտացի մարդ, որ տեսքով էր, եւ այդ Եգիպտացիի ձեռքին մի նիզակ կար. Իսկ նա գնաց նորա վերայ մէկ ցուպով ու յափշտակեց նիզակը Եգիպտացիի ձեռքիցը եւ սպանեց նորան իր նիզակովը։
22 Այս բաներն արաւ Յովիադայի որդի Բանեան. Եւ նա անուանի էր այն երեք զօրաւորների մէջ։
23 Երեսունիցն աւելի պատուաւոր էր, բայց այն առաջին երեքին չէր հասնիլ. Եւ Դաւիթն նորան իր ատեանին վերակացու դրաւ։
24 Յովաբի եղբայր Ասայէլն երեսունիցն էր. Նաև Ելէանանը Դովդայի որդին՝ Բեթլեհէմացին։
25 Հարօդացի Սամման, Հարօդացի Եղիկան.
26 Փելլատացի Քեղղէսը, Թեկուացի Եկգեսի որդի Իրասը.
27 Անաթովթացի Աբիեզերը, Ովսացի Մեբունան.
28 Աքուքացի Սելմօնը,
29 Նետոփաթացի Բաանայի որդի Ալաբը. Բենիամինի որդկանց Գաբայից՝ Ռիփայի որդի Եթթին.
30 Փարաթոնացի Բանեան, Գաասի ձորերից Ադդային.
31 Արաբաթացի Աբիելբոնը, Բարումացի Ազամօթը.
32 Սաղաբինացի Եղիաբան, Յասենի որդիներից Յովնաթանը.
33 Հարարացի Սամման, Արարացի Սարարի որդի Աքիամը.
34 Մաաքաթիի որդիի Ահասբայի որդի Եղիփաղէտը, Գեղոնացի Աքիտոփէլի որդի Եղիամը.
35 Կարմելացի Ասարէն, Արբացի Փաարան.
36 Սուբացի Նաթանի որդի իգալը, Գադացի Բանին.
37 Ամմոնացի Սելեկը, Շարուհեան Յովաբի կապարճակիր Բերովթացի Նաարան.
38 Յեթերացի Իրասը, Յեթերացի Գարեբը.
39 Քետացի Ուրիան. Ամենը երեսունեւեօթը։